Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.07.2017

Կառավարությունը հավանություն է տվել էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցին

Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին: Ըստ այդմ, նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել Հայաստանի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում։ Այն ենթադրում է դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում:

Ծրագրի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ներքին շուկան և խթանել արտահանումը։ Պահանջարկ չունեցող էլեկտրաէներգիան թույլ կտրվի ամբողջությամբ արտահանել, ինչի մեխանիզմները առավելապես կախված կլինեն հարևան երկրների հետ միջպետական առևտրի փոխհամաձայնեցված կանոններից:

Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպտաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հիմնվում է «միակ գնորդ-վաճառող» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, էլեկտրաէներգետիկական շուկան  ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը: