Փետրվարի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց ԵՄ էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Յաննես Կոպաչին և ԵՄ էներգետիկ համայնքի քարտուղարության փորձագետ Սվիտլանա Կարպիշինային:
Ողջույնի խոսքերի փոխանակումից հետո քննարկվեցին հետագա համագործակցության հարցերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016թ. ապրիլին ավարտվում է ԵՄ կողմից իրականացվող ԻՆՈԳԵՅԹ ծրագիրը, Եվրոպական Հանձնաժողովը որոշում է ընդունել, որ արևելյան գործընկեր երկրների աջակցությունը էներգետիկ բնագավառում կշարունակվի նոր ձևաչափով։ Այն կիրականացվի ԵՄ էներգետիկ համայնքի և Միջազգային էներգետիկ գործակալության միջոցով: Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրենի այցի նպատակն էր ներկայացնել Եվրամիության կողմից նախատեսվող աջակցության նոր ձևաչափը:ԵՄ էներգետիկ համայնքի ծրագրի տևողությունը 4 տարի է: Նախատեսվում է էներգետիկ բնագավառի օրենսդրական և այլ իրավական ակտերի ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը, որը սակայն չպետք է հակասի ԵՏՄ հետ ունեցած Հայաստանի պարտավորություններին:
Աջակցությունը կներառի վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, էներգաարդյունավետության, էներգետիկ բնագավառի քաղաքականության և վիճակագրության բնագավառները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ ԷԲՊ նախարարությունը կքննարկի և էներգետիկ համայնքին կներկայացնի առաջարկություն ծրագրի իրականացման ուղղությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ էներգետիկ համայնքը հիմնադրվել է 2005թ.-ին, որին անդամակցում են Եվրոպական միությունը և 8 երկրներ (Ալբանիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Կոսովո, Մակեդոնիա, Ուկրաինա, Մոլդովա): 2011թ-ին Հայաստանը ԵՄ էներգետիկ համայնքում դիտորդի կարգավիճակ է ստացել:
ԵՄ էներգետիկ համայնքի առաքելությունն է ընդլայնել էներգետիկ քաղաքականությունը դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա և Սևծովյան ավազան, ստեղծել կայուն կարգավորվող և միասնական էներգետիկ շուկա, ապահովել էներգակիրների անվտանգ մատակարարում, իրականացնել բնապահպանական միջոցառումներ: