Փետրվարի 18-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Իվանովիչ Միխադյուկին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես՝ ատոմային, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսում կառուցվում է նոր ատոմային էլեկտրակայան՝ զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան ատոմային էներգետիկայի խնդիրներին՝ կարևորելով համագործակցությունը հատկապես կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման ոլորտում և նորմատիվատեխնիկական դաշտում:
Զրուցակիցներն անդրադարձան նաև փետրվարի 19-ին Երևանում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվելիք «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագրին:
Հանդիպման ավարտին Միխայիլ Իվանովիչ Միխադյուկը հրավիրեց նախարար Զախարյանին Բելառուսի Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու երկրի էներգետիկ համակարգին: