Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.02.2016

Տեղեկատվություն ՀՀ ԷԲՊ նախարարության կողմից ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ

ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ներառված էր 4 միջոցառում, որոնցից 3-ը սահմանված կարգով ներկայացվել և ընդունվել է կառավարության կողմից, մեկը՝ տեղափոխվել է 2016թ.։  

2015 թվականին ՀՀ ԷԲՊՆ-ի առաջարկությամբ ընդունվել է  ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի 82 և ՀՀ կառավարության արձանագրային՝ 3 որոշում: Ներկայացվել է օրենքի 6 նախագիծ։ 

  Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ՀՀ կառավարության 2015 թվականի գերակա խնդիրների իրականացման արդյունքները.

Տարածաշրջանային ինտե­գրում

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդ­ման օդային գծի կառուցման աշխատանքների իրականացում

Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը։ Համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի, Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցումը  նախատեսվում է ավարտել 24 ամսում:  Մեկնարկել է անհրաժեշտ սարքերի, սարքավորումների և նյութերի տեղափոխումը Հայաստան: Մարզպետարանների, համայնքների և շահագրգիռ այլ մարմինների հետ շարունակվել է հողերի կատեգորիաները փոխելու և դրանց մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու գործընթացը: «Նորավան» ենթակայանի տարածքում ավարտվել են պարսպի հիմքի գեոդեզիական և ենթակայանի տարածքի հարթեցման աշխատանքները:

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա­հաղորդման օդային գծի կառուցման ծրագրի մեկնարկ. խորհրդատուի ընտրության մրցութային գործընթացի կազմակերպում

Ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման նպատակով ստորագրված վարկային համաձայնագրերի շրջանակներում ներգրավվել է շուրջ 178 մլն եվրո։ Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից։    Հաշվետու տարում ծրագրի շրջանակներում իրականացվել և ամփոփվել են  խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները:

 

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացում

Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2015 թվականի փետրվարի 5-ին ՌԴ կառավարության հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր, որը 2015 թվականի մայիսի 12-ին մտել է ուժի մեջ։ Մեկնարկել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգերի և սարքավորումների համալիր զննման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016թ. սեպտեմբերին: Կիրականացվի ավելի քան 4500 միավոր սարքավորումների զննում: 

  Առաջին փուլի՝ համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքների ավարտից հետո կանցկացվի արդյունքների տեխնիկական աուդիտ:

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացում, Քարքարի երկրաջերմային տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման նախապատրաստական աշխատանքների կատարման համակարգում՝ ըստ ընդունված ժամանակացույցի

2015 թվականի հուլիսի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով վավերացվել է Հայաստանի Հանրապեության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված համաձայնագիրը` 8.55 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը» իրականացնելու վերաբերյալ: Մեկնարկել են մերձատար ճանապարհի և հորատման հարթակի շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ըստ ընդունված ժամանակացույցի: Նեղ հորատանցքերի փորման համար հայտարարվել է մրցույթ։

Ընդերքօգտագործման իրավունքով  տրամադրված ընդերքի տեղամասերի կոորդինատային համակարգի համապատասխանեցում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգին

ARM WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգին համապատասխանեցվել է  452 ընդերքօգտագործման իրավունք:  Տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության՝ 18 և օգտակար հանածոների արդյունահանման՝ 9 իրավունք։