Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։ Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։
Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։