Փետրվարի 12-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպեց հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող չեխական պատվիրակության անդամներին՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Երվանդ Զախարյանը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը և զարգացման ուղիները։ Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Դրան զուգահեռ, Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։
Սպասվում է երկու նոր ջերմային կայանների կառուցում՝ Երևանում և Վանաձորում։ Անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Ե. Զախարյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակել հայ-չեխական գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ ընդերքի ոլորտում։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ չեխական պատվիրակության ղեկավար Յան Մլադեկը ներկայացրեց Չեխիայի էներգետիկ համակարգի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, խոսեց էներգետիկ համակարգում համագործակցության հնարավորությունների մասին։
Էներգետիկ ոլորտում հայ-չեխական գործակցությունը հաջողությամբ ընթանում է հատկապես ատոմային էներգետիկայի բնագավառում։ Կողմերը հույս հայտնեցին, որ դա կշարունակվի նաև հետագայում։ Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ էներգետիկ ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորությունները քննարկելու նպատակով։