Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

11.02.2016

Կհայտարարվի մրցույթ Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման կապալառուի ընտրության համար

Գերմանական զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման  ծրագրի իրականացման կապալառու կազմակերպության ընտրության համար առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ։ Այս փուլում ծրագրի խորհրդատուն՝ ի դեմս «Fichtner GmbH & Co. KG» ընկերության, պատրաստում է կապալառուի ընտրության մրցութային փաթեթը։ Մինչ այդ՝ վերջինս կիրականացնի նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից հետո կսկսվի ծրագրի իրականացման շինարարությունը։ 

  Ինչպես հայտնի է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային Հյուսիս-hարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

  Ծրագրի արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական գնահատման, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը վրացական կողմի   մասնաբաժինն է:     

   Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը ներառում է Այրումում փոխակերպիչ կայանի և մինչև վրացական սահման՝ շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ օդային գծի կառուցումը: Երկրորդ փուլը ընդգրկում է Դդմաշենում 400 կՎ մեկ ավտոտրանսֆորմատորով  նոր ենթակայանի և երկշղթա հենարաններով 400 կՎ միաշղթա օդային գծի կառուցումը, ինչը թույլ կտա ապահովել 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Հաջորդ փուլում Այրումում կտեղադրվի երկրորդ փոխակերպիչ մոդուլը, կկառուցվի 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և Դդմաշենի ենթակայանում կտեղադրվի երկրորդ ավտոտրանսֆորմատորը՝ 700 ՄՎտ հզորություն ապահովելու համար:  

    Ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ վերջին փուլում նախատեսվում է հաստատուն հոսանքի ներդիրի երրորդ մոդուլի կառուցում, ինչը թույլ կտա գծի հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի։      

  Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացումը գնահատվում է շուրջ 188,2 մլն եվրո։ Դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը հիմնականում լուծված է։ Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրված երեք վարկային համաձայնագրերի շրջանակներում 168 մլն եվրո է հատկացրել KfW բանկը։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական Ներդրումային Բանկի հետ։ Ակնկալվում է ևս 10 մլն դրամաշնորհային ներդրում՝ Եվրամիության Հանձնաժողովի կողմից։  

   Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի, էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել մինչև 2018թ. վերջ: