Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան։ Ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված խողովակները, գազաբաշխիչ կայանը, փականները և մնացած սարքավորումները պատշաճ կարգով պահեստավորված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մեղրի քաղաքում գտնվող պահեստում:
Սարքերի ու սարքավորումների մյուս մասը ձեռք կբերվի ներքին շուկայից։ Ծրագրի գլխավոր կապալառուն՝ ի դեմս իրանական «Սաներջի» ընկերության, արդեն սկսել է նաև այդ աշխատանքները։
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։
Այն վերսկսվեց անցած տարվա վերջին, և այժմ ընթանում է կապալառու կազմակերպությանը շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման գործընթացը։ Դրա համար անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություններ կատարել « Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ինչի հետևանքով ծրագրի իրականացումն այս փուլում որոշ չափով դանդաղեց։ Օրենսդրական փոփոխություններն արդեն արված են և ակնկալվում է, որ կապալառու կազմակերպությունը մինչև փետրվարի վերջ - մարտի սկիզբ կստանա թույլտվությունը, որից հետո կմեկնարկի Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարությունը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում։